Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում էլ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալն» ու դուրս եկավ եզրափակիչ: Ասենք, որ արքայական ակումբն այս անգամ էլ վրեժխնդիր եղավ անցած տարվա եզրափակչում նույն «Աթլետիկոյից» կրած պարտության համար: Երկու հանդիպումների արդյունքով իրենց համաքաղաքացիներին ռեալցիները հաղթեցին ընդհանուր 5:0 հաշվով: Առաջին հանդիպման ժամանակ արձանագրվել էր 3:0 հաշիվը: Եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնի» հետ, որը «Ռեալ Սոսիեդադի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: «Բարսելոնի» կազմում նորից աչքի է ընկել Մեսին:
Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ֆիորենտինան» «ՈՒդինեզեից» կրած 1:2 հաշվով պարտությունը սեփական դաշտում կոմպենսացրեց 2:0 հաշվով տարած հաղթանակով ու դուրս եկավ եզրափակիչ: «Մանուշակների» մրցակիցն այստեղ կլինի «Նապոլին», որն իր հերթին խոշոր` 3:0 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ` դաժանորեն վրեժ լուծելով առաջին հանդիպումում 2:3 հաշվով կրած պարտության համար:
Գերմանիայի գավաթային խաղերում կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած թիմերն են Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հաղթած Դորտմունդի «Բորուսիան»` 1։0, «Համբուրգին» 5։0 հաշվով պարտության մատնած «Բավարիան», «Հոֆենհայմին» գերազանցած «Վոլֆսբուրգը»` 3։2 և «Բայերին» անակնկալ պարտության մատնած «Կայզերսլաուտեռնը»` 1։0:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ